Բուլղարիան, Ռումինիան եւ Սերբիան պատրաստվում են փակել սահմանները միգրանտների համար

13:57, 25 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիան, Ռումինիան եւ Սերբիան լրջորեն անհանգստացած են Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից դեպի Արեւմտյան Եվրոպա ուղեւորվող միգրանտների համար բուֆերային գոտու վերածվելու հեռանկարից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Իրավիճակի հետ կապված, երեք երկրները պատրաստվում են հետեւել որոշ հարեւանների օրինակին եւ փակել սահմանները միգրանտների համար:

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Սոֆիայում հանդիպել է իր սերբ գործընկեր Ալեքսանդր Բուչիչի եւ Ռումինիայի նախարարների կաբինետի ղեկավար Վիկտոր Պոնտայի հետ` քննարկելու համար միգրացիոն ճգնաժամը, որն ամենալուրջն է Եվրոպայի համար Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր:

«Եթե Գերմանիան ու Ավստրիան փակեն իրենց սահմանները միգրատների համար, մենք թույլ չենք տա մեր երկրները Թուրքիայի եւ Արեւմտյան Եվրոպայի միջեւ բուֆերային գոտու վերածել: Մենք պատրաստ ենք անմիջապես փակել սահմանները»,- ասել է Բորիսովը:

Սերբիայի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ նրանք, ովքեր Սերբիան համարում են երկիր, որի տարածքում կարելի է տեղակայել 2-3 մլն միգրանտի, խորապես սխալվում են:

 


© 2009 ARMENPRESS.am