Բակո Սահակյան երախտագիտություն է հայտնել ողջ հայ ժողովրդին Արցախին սատար կանգնելու համար

13:28, 27 Մայիս, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:

Նախագահ Սահակյանն Արցախի ժողովրդի եւ իր անունից խորին երախտագիտություն է հայտնել ողջ հայ ժողովրդին, Մայր Հայաստանին եւ Սփյուռքին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծանր օրերին Արցախի Հանրապետությանը սատար կանգնելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանն ընդգծել է, որ հայ ազգն ունի յուրահատուկ մի ունակություն՝ համախմբվել ճակատագրական պահերին եւ լուծում տալ համազգային կարեւորագույն խնդիրներին:

Նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2016»-ի ծրագրում ներառել Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը: Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2016թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:


© 2009 ARMENPRESS.am