Փայլանը հայց է ներկայացրել «Լավագույն հայը մեռած հայն է» քարոզող թուրք ազգայնականների դեմ

16:06, 22 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել թուրքական ազգայնական «Իդեալիստների օջախներ» (Ülkü ocakları) կազմակերպության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փայլանը գրառում է կատարել ֆեսյբուքյան իր էջում:

«Իդեալիստների օջախների» անդամները Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից անմիջապես հետո նույն օրը ցույց էին կազմակերպել Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց: Ազգայնականները ձեռքում պահել էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները և բղավել. «Լավագույն հայը մեռած հայն է»:

«Նման կոչերը հրապարակայնորեն իրականացված ատելության հանցագործություն են, հայերի դեմ բացահայտ սպառնալիքներ են: Իրականցված այս ատելության հանցագործության և սպառնալիքների դեմ Ստամբուլի հանրապետական դատախազությունում դատական հայց եմ ներկայացրել»,- ասել է Փայլանը:


© 2009 ARMENPRESS.am