Զախարովան Սանկտ Պետերբուրգի հանդիպման մասին Մամեդովի մեկնաբանությունն այլասերված է անվանել

18:59, 23 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ադրբեջանական կողմի փորձն է սեփական ձևով մեկնաբանել ձեռք բերված պայմանավորվածությունները:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան կոչ է արել առաջնորդվել այն հայտարարությամբ, որն ընդունվել է Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ: Մնացած բոլոր հայտարարությունները Մարիա Զախարովան որակել է հանդիպման արդյունքները մեկնաբանելու անբարեխիղճ փորձեր:  «Կա հստակ հայտարարություն, այն հրապարակվել է, այն հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ և պետք է առաջնորդվել դրանով, այլ ոչ թե կամայական մեկնաբանություններով կամ ինչ-որ մեկի կողմից այլասերված մեկնաբանություններով»,- ասել է Զախարովան:

Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ասել էր, թե Սանկտ Պետերբուրգում կողմերը հասել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման մասին պայմանավորվածության։


© 2009 ARMENPRESS.am