Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Հռոմի Պապին նվիրել են Ախթամարի պատկերով փորագրանկար

12:17, 25 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությունը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին նվիրել է ոսկե հուշամեդալ, որի վրա պատկերված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, ինչպես նաև Ախթամարը պատկերող փորագրանկար: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ընդգծեց, որ այդ փորագրանկարը պատրաստվել է մի քանի տարի առաջ հատուկ թղթի վրա: «Թանգարանի կողմից մենք հատուկ նվեր էինք պատրաստել: Դա մի քանի տարի առաջ հատուկ թղթի վրա պատրաստված Ախթամարին նվիրված փորագրանկարների շարքից մեկն էր, թողարկվել է Գերմանիայում բավականին սահմանափակ քանակով: Մենք որոշեցինք, որ քրիստոնեական խորհրդանիշ հանդիսացող Ախթամարի պատկերով այդ փորագրանկարի հավաքածուից մեկը, որը ընդամենը 50 օրինակով էր թողարկվել, նվիրել Պապին»,- ասաց Դեմոյանը:

Դեմոյանն ընդգծեց, որ Հռոմի Պապը գրառում է կատարել Ծիծեռնակաբերդի պատվո հյուրերի հուշամատյանում: «Գրառման գլխավոր ուղերձն այն է, որ բարին պետք է հաղթող լինի, և հանուն հիշողության պահպանման պետք է պայքար մղել, որպեսզի նման հանցագործությունները չկրկնվեն»,- նշեց Դեմոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նաև կարճատև զրույց է ունեցել Սրբազան քահանայապետի հետ: «Նա ոգևորված էր այցի հետ կապված, շնորհակալություն հայտնեց նվերների համար, ինչպես նաև օրհնեց մեր աշխատանքը և առաքելությունը»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.ՏԱմենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսըԱմենայն Հայոց կաթողիկոսի, Ֆրանցիսկոս Պապի և բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ կատարվել է բարեխոսության կարգ: Պապը ծաղիկներ է խոնարհել սուրբ նահատակների հիշատակի անմար կրակի մոտ, եղևնի տնկել Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում:


© 2009 ARMENPRESS.am