Երևանի սրտում Հռոմի պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը խաղաղության էկումենիկ աղոթք կհղեն առ Աստված

18:24, 25 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկում է հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ողջ աշխարհում խաղաղության հաստատման էկումենիկ աղոթք կհղեն առ Աստված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հրապարակի միջոցառումն ամենաբացն է Պապի այցի ընթացքում ծրագրված արարողությունների թվում: Աղոթքին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան:  

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին Երևանի ժամանակով 15:00-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: «Զվարթնոց» օդանավակայանից Պապն ուղևորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Հռոմի Պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ խորանից աղոթք ու քարոզ են հնչեցրել: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել: Հռոմի Պապը ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որտեղ հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն՝ հայցելով այլևս սրբադասված նահատակների բարեխոսությունը: Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսով` համեմված հայկական շարականներով: Պատարագից հետո Հռոմի պապը` հրավիրելով Ամենայն Հայոց կաթողիկոսին իր պապոմոբիլ, շրջել է հրապարակում, ողջունել հավաքվածներին, ապա իջել, մի քանի րոպե էլ հետիոտն շփվել հավատացյալների հետ և մեկնել Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսանոց:

Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը` Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:


© 2009 ARMENPRESS.am