Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Շարմազանովի պատասխանը Իլհամ Ալիևին

14:42, 27 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը լի է պատմական անճշտություններով և սուտ տեղեկություններով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նա խոսում է Ադրբեջանի պատմական հողերի մասին, բայց ո՞րն է Ադրբեջանի պատմությունը: Ադրբեջանն ընդամենը 98 տարվա պատմություն ունի: Հինգ անգամ նույն անհեթեթությունը կրկնելուց ասածներիդ արժեքը չի փոխվում: Դրանով դու ավելի անհեթեթ ես դառնում մարդկանց աչքերում: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակին, ինչի մասին խոսում են Ալիևը և նրա աշխատակազմը, մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա բլեֆ է, որն Ալիևը անում է: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը 1988թ. սկսել է իր ինքնորոշման պայքարը, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ պայքարն ավարտվի հաղթանակով: Իսկ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության պարտադիր իրացումն է և արդյունքում Ղարաբաղի ժողովուրդն ինքը կորոշի իր ճակատագիրը, որը, բնականաբար, չի լինի Ադրբեջանի կազմում: Պարոն Ալիևը չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անկախություն տվողը, Աստված է ժողովուրդներին տալիս ազատության և անկախության ձգտումը, իսկ ինքնորոշվելու միջազգային իրավունքը ընձեռվում է ցանկացած ժողովրդի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի համար առնվազն տարօրինակ է՝ ինչո՞ւ Մեծ Բրիտանիան իրավունք ունի հանրաքվեով որոշել՝ մնա՞լ ԵՄ-ի կազմում, թե ոչ, Շոտլանդիան իրավունք ունի հանրաքվեի միջոցով կարծիք հայտնել՝ մնա՞լ Միացյալ Թագավորության կազմում, թե չէ, Կոսովոն ինքնորոշման իրավունք ունի, Արևելյան Թիմորը իրավունք ունի, սակայն երբ հերթը հասնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշմանը, հայտնվում են դեմքեր, որոնք հարցականի տակ են դնում դա: «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը երբեք չի կարող հարցականի տակ դրվել: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում: Թող նավթադոլարներով հարուստ Ադրբեջանում մեկընդմիշտ սա հասկանան»,- հավելեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չկա՝ Շարմազանովն ասաց. «Դա բացահայտ հետքայլ է այն պայմանավորվածություններից, որ ձեռք է բերվել Վիեննայում: Բոլոր կողմերը հայտարարել են, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը Վիեննայում տեղի ունեցած հանդիպման տրամաբանական շարունակությունն է, և ես ցանկանում եմ հիշեցնել ադրբեջանական կողմին, որ Վիեննայի փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է վստահության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Եթե հայտարարվում է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը Վիեննայի հանդիպման տրամաբանական շարունակությունն է, ուստի Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է իրենց դիրքորոշումը ցուցաբերեն Ալիևի նման մերժողական կեցվածքին»:

Դիտարկմանը՝ արդյոք իմաստ ո՞ւնի շարունակել նախագահների մակարդակով հանդիպումները՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ոչ կառուցողական  հայտարարությունները, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Ես միշտ ասել եմ, որ բանակցելն ավելի լավ է, քան չհանդիպելը: Բանակցությունների այլընտրանքն իրար վրա կրակելն է, իսկ մեր թիվ մեկ խնդիրը խաղաղությունն է: Եթե Ադրբեջանի համար մարդկային կյանքը նշանակություն չունի, ապա Հայաստանի Հանրապետության և Արցախի համար յուրաքանչյուր զինվորի և մարդու կյանքն ամենաթանկն է: Դրա համար, երբ ես ասում էի, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը դրական արդյունքներ է տվել, ես դա ասել եմ նրա համար, որ այդ հանդիպումից հետո ոչ թե կրակոցները նոր թափով շարունակվեցին, այլ այս պահին խաղաղությունն ամրապնդվում է»:

Եզրափակելով խոսքը՝ Շարմազանովը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանից հնչող հիվանդ երևակայությանը շատ խիստ արձագանքել է պաշտոնական Մոսկվան՝ անվանելով դա այլասերված մեկնաբանություն:


© 2009 ARMENPRESS.am