Հռոմի պապի Հայաստան այցի ավարտի մասին թուրքական լրատվամիջոցները չեն գրել. Թուրքագետ

16:06, 27 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը խոսել է Հռոմի պապի Հայաստան այցելության վերաբերյալ թուրքական մամուլի անդրադարձի մասին: Չաքրյանը նշել է, որ թուրքական մամուլը բազմիցս անդրադարձել է Հռոմի պապի Հայաստան այցելության ընթացքին, սակայն այսօր ոչ մի լրատվամիջոց չի խոսել այցելության ավարտի մասին:

Նրա խոսքով, թուրքական լրատվամիջոցները նույնիսկ փորձել են պարզել, թե ի ՞նչ հանգամանքներում է Հռոմի պապը Հայաստան եկել, ինչի՞  համար է փոխել տեքստի բովանդակությունը՝ օգտագործելով «ցեղասպանություն» բառը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրատվամիջոցներից մեկը գրել է, թե Հռոմի պապը Հայաստան է այցելել, քանի որ Վատիկանում տեղի ունեցած Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումների ժամանակ այդ բանը խոստացել էր հայոց զույգ կաթողիկոսներին:

Ինչ վերաբերում է Հռոմի պապի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործմանը, թուրքական լրատվամիջոցը ներկայացրել է Պապի այս խոսքը. «Հայաստանի նախագահի խոսքից հետո ես որոշեցի այդ բառն արտասանել: Ես Վատիկանում արդեն օգտագործել էի «ցեղասպանություն» բառը, Երևանում չօգտագործելը շատ տարօրինակ կհնչեր»:


© 2009 ARMENPRESS.am