Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցության վերաբերյալ անցկացված հանրաքվեն չի ազդելու Հայաստանում ԵՄ հանձնառության վրա. Պյոտր Սվիտալսկի

14:50, 4 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 04 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ  Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցության վերաբերյալ անցկացված հանրաքվեն որեւէ ազդեցություն չի ունենալու Հայաստանում ԵՄ հանձնառության վրա:

«Այն որեւէ բան չի փոխել  տարածաշրջանում տարվող մեր քաղաքականության, ինչպես նաեւ երկկողմանի երկխոսության գործընթացի մեջ:  Իհարկե, Բրիտանիայում տեղի ունեցածը շատ լուրջ է, եւ Եվրոպան լրջորեն է անդրադառնալու դրան, բայց մեր երկկողմանի օրակարգի վրա դա նույնիսկ անուղղակի ազդեցություն չունի»,-ընդգծեց դեսպանը:

Նրա խոսքով` Բրիտանիայի հետ, թե առանց, միեւնույն է, Եվրամիությունը պահպանում է առաջատարի դերը:

Հունիսի 23-ին Եվրամիության անդամակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեով հաղթեցին Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցները: Ինչպես վկայում են վերջնական արդյունքները, բրիտանացիների 52 տոկոսը (17,41 միլիոն մարդ) քվեարկել Է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության դադարեցման օգտին, 48 տոկոսը (16,14 միլիոն մարդ) հանդես Է եկել եվրաինտեգրման շարունակման օգտին:


© 2009 ARMENPRESS.am