Երևանի քաղաքապետարանից այցելել են ապրիլյան պատերազմում զոհված ստեփանակերտցիների ընտանիքներին

12:33, 16 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է այս տարվա ապրիլին առաջնագծում զոհված 5 և առավել ծանր վիրավորում ստացած ևս 5 ստեփանակերտցիների ընտանիքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զոհվածների հարազատներին փոխանցելով Երևանի քաղաքապետի խորին ցավակցություններն ու զորակցությունը, իսկ վիրավորներին էլ մաղթելով շուտափույթ ապաքինում՝ սոցիալական ապահովության վարչության պետը նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մշտապես կարևորվել է բանակ-հասրակություն կապի ամրապնդումը և այդ համատեքստում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ու իրականացվում: Վերոնշյալ ընտանիքներին տրամադրվել է նաև կենցաղային անհրաժեշտ տեխնիկա և այլ պարագաներ:

Հարկ է նշել, որ ինչպես Ստեփանակերտի այս, այնպես էլ ԼՂՀ այլ շրջաններից ծանր վիրավորում ստացած և ապրիլյան այդ օրերին Երևանի բուժհաստատություններում համապատասխան բուժում ստացող զինծառայողները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, եղել են աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության ամենօրյա հոգածության ներքո:


© 2009 ARMENPRESS.am