Կառավարությունը 2 օրով հետաձգեց Ատոմակայանին և Երևանի ՋԷԿ-ին 7.5 միլիարդ դրամ հատկացնելու նախագծի հաստատումը

14:42, 21 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը հուլիսի 21-ին կառավարության նիստում ներկայացրեց 2016 թվականի պետական բյուջեում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մասնավորապես, նախագծով նախատեսված է 2016-ի պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում ներառել 7 միլիարդ 489 միլիոն դրամ, որը կուղղվի Մեծամորի Ատոմակայանի և Երևանի ՋԷԿ-ի պարտքերի մարմանը: «Նախագծով նախատեսվում է 2016 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր վարկային համաձայնագրով տրամադրվող 30 միլիոն դոլար վարկից 2016-ի ընթացքում մասհանվող գումարները` 7 միլիարդ 489 միլիոն դրամի չափով, ներառել  պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում: Նշված գումարներն ուղղվելու են Ատոմակայանի և Երևանի ՋԷԿ-ի առևտրային բանկերի, ինչպես նաև Երևանի ՋԷԿ-ի կողմից գազի պարտքերի մարմանը»,-ասաց նախարարը:

ՀՀ վարչապետն առաջարկեց երկու օր ժամանակ տալ, որպեսզի շահագրգիռ գերատեսչությունները ծանոթանան նախագծին ու տան եզրակացություններ: Յոլյանը տեղեկացրեց, որ ստացել են Ֆինանսների նախարարության դրական եզրակացությունը, այնուամենայնիվ, կառավարության ղեկավարի առաջարկով հաստատումը հետաձգվեց երկու օրով: 


© 2009 ARMENPRESS.am