Սերժ Սարգսյանը և Ջիմ Կոստան համակարծիք են, որ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա են
20:47, 21 Հուլիս, 2016ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 21-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և մեծապես կարևորել կոնգրեսական Կոստայի այցելությունը Հայաստան՝ ընդգծելով, որ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ուրույն դերակատարում է վերապահված միջխորհրդարանական կապերին, որոնք այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին և համագործակցության զարգացման հեռանկարին, խոսել ապագային միտված հարցերի մասին, նաև մտքեր փոխանակել տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան համակարծիք են եղել, որ հայ-ամերիկյան ներկայիս հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա, քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև կրում է մշտական և արդյունավետ բնույթ:
© 2009 ARMENPRESS.am