Չավուշօղլուն պահանջել է Հունաստանից իրենց հանձնել փախած թուրք զինվորներին

14:23, 22 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հորդորել է Հունաստանի իշխանություններին իրենց հանձնել ուղղաթիռով հունական Ալեքսանդրուպոլիս փախած թուրք զինվորներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Հեղաշրջման փորձը նախաձեռնողները քաղաքական ապաստան են պահանջում: Սակայն նրանք չեն կարող տեղավորվել քաղաքական ապաստանի շրջանակում: Հունաստանի իշխանություններից մեր ակնկալիքը համագործակցելը և արդար գործելաոճով այս դավաճաններին Թուրքիա ուղարկելն է»,- ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաք փախած  8 թուրք զինվորների նկատմամբ դատավարությունն ավարտվել է: Ապօրինի ճանապարհով երկիր մուտք գործելու մեղադրանքով դատարանը թուրք զինվորներին դատապարտել է երկու ամիս ազատազրկման:

Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:

Էրդողանի կողմից հրապարակված վերջին տեղեկություններով` սպանվել է հեղաշրջման դեմ դուրս եկած 246 մարդ, վիրավոր է` 2185-ը, ձերբակալվել է 10 հազար 410 մարդ, 4 հազար 60-ը կալանավորվել են: Կալանավորվածներից 103-ը գեներալներ են:

Հայտնի է, որ սպանվել է նաև ռազմական հեղաշրջման փորձի մասնակից ավելի քան 100 մարդ:

Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:


© 2009 ARMENPRESS.am