Էրդողանը Թուրքիայի ԱԳՆ-ն մաքրում է գյուլենականներից

14:25, 25 Հուլիս, 2016

 ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջումից հետո այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնաթող է անում արտասահմանյան երկրներում թուրքական դեսպանների մի մասին եւս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, դա հաստատել է նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, որը հայտնել է, որ նրանցից ոմանք կարող էին «անարդարացիորեն զբաղեցնել իրենց պաշտոնները»:

Ըստ գործակաaլության` Թուրքիայի իշխանությունները 42 լրագրողների ձերբակալելու հրաման են տվել իրավապահներին:

Reuters-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 23-ին հայտարարել է, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով ընդհանուր առմամբ 13 հազար ձերբակալություն է իրականացվել:

Էրդողանը հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում զոհվել է 246, վիրավորվել 2185 մարդ: Նրա խոսքով` ձերբակալվածներից 4 հազարը զինվորականներ են, որոնց թվում` 103-ը գեներալներ:

Էրդողանը նաեւ հրամայել է փակել հազարից ավելի մասնավոր դպրոցներ եւ ուսումնական հաստատություններ, որոնք կարող են կապված լինել չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդների հետ, որին Անկարան մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:


© 2009 ARMENPRESS.am