Ադիբեկյանը կարծում է, որ հանրության մեջ ավելի շատ են զինված խմբի գործողությունները քննադատողները, քան արդարացնողները

15:00, 25 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատրաստվում է ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտություն անցկացնել աշնանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ահարոն Ադիբեկյանը կարծիք հայտնեց, որ «Սասնա ծռեր» խմբի գործունեության մեջ մանկամիտ ռոմանտիզմից անցում եղավ դեպի ողջամտություն: Նա հույս ունի, որ անցում կլինի նաև դեպի իրատեսություն:

«Այն, որ Սասնա ծռեր խմբի տղաները կդառնան բավականին իրատես՝ կասկածելի է:  Կապ չունի ծուռը որտեղից է՝ Սասունից, Կոնդից, թե մեկ այլ տեղից, մեկ է՝ ծուռը մնում է ծուռ:  Նրանք ֆանատիզմի նշույլներ ունեն»,-նշեց Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ բնակչության զգալի մասը հասկանում է, թե ինչ վտանգներ է պարունակում այն իրավիճակը, եթե ամեն մի «նեղացած» զենք վերցնի, համախոհներ հավաքի , պատանդներ վերցնի և այդ կերպ փորձի լուծել իր խնդիրները: «Հանրային կարծիքում ավելի շատ են նման տեսակետները քննադատողները, քան արդարացնողները:  Փորձել հրահրել ժողովրդին, որպեսզի մասնակցեն պայքարին՝ անթույլատրելի է: Պարզապես ես կարեկցում եմ այն տղներին, ովքեր տառապում են մանկամիտ ռոմանտիզմով »,- ասաց Ադիբկեյանը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց: Հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Մի քանի ոստիկան վիրավորվել են: Զինված խմբի անդամները մեկ շաբաթվա ընթացքում աստիճանաբար ազատ են արձակել պատանդներին: Վերջին չորս ոստիկանները, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ազատ են արձակվել հուլիսի 23-ին:


© 2009 ARMENPRESS.am