Թուրքիան ՌԴ-ին խնդրել է չեղարկել պատժամիջոցները

17:51, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Ռուսաստանին խնդրել է թույլատրել պարենային էմբարգոյի տակ գտնվող թուրքական մթերքի արտահանումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին հայտնել է Զեյբեքչին: Պատասխանելով հարցին, թե երբ Թուրքիան կդիմի ՌԴ-ին մթերքի մատակարարումները վերականգնելու խնդրանքով, Զեյբեքչին ասել է. «Ես արդեն խնդրել եմ»: Գործակալությունը հաղորդում է, որ այսօր նա Մոսկվայում բանակցություններ է անցկացրել ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի հետ:

Հանդիպումից հետո Ուլյուկաեւը լրագրողներին հայտարարել է, որ Թուրքիայից գյուղապրանքների մատակարարումների սահմանափակումները պետք է վերացվեն փուլերով: Նա նշել է, որ թուրքական եւ ռուսական կողմերը փոխադարձ հարցեր ունեն միմյանց, եւ դրանք պետք է լուծվեն երկկողմանի կարգով:  

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին: Հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը մեղայականով նամակ էր գրել նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչից հետո Մոսկվան հայտարարել է, որ Թուրքիան պաշտոնապես ներողություն է խնդրել ինքնաթիռի եւ օդաչուի հետ պատահածի համար, եւ հանձրարարել վերականգնել Անկարայի հետ հարաբերությունները:


© 2009 ARMENPRESS.am