Վրացագետը Հայաստանի համար Վրաստանի ներկայիս իշխանության գործունեությունն առավել նպասավոր է համարում

17:29, 10 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար առավել նպաստավոր է համագործակցել Վրաստանի ներկայիս իշխանության հետ, քան նախորդի, որն ուներ թուրքամետ որոշակի դիրքորոշումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Նրա կարծիքով` Վրաստանում կայանալիք առաջիկա ընտրությունները պետք է հետաքրքրեն ոչ միայն Վրաստանի հասարակությանը, եվրոպական կառույցներին և միջազգային կազմակերպություններին, այլ նաև Հայաստանին, քանի որ Վրաստանը շատ կարևոր երկիր է մեզ համար:

Ալիկ Էրոյանցը նշեց, որ այս ընտրապայքարում երկու հիմնական քաղաքական ուժեր են հաղթելու համար լուրջ հավակնություն ներկայացնում`իշխող «Վրացական երազանք» դաշինքը և ընդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

«Եթե համեմատելու լինենք «Միացյալ ազգային շարժման» հիմնադիր, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու իշխանության ժամանակաշրջանը, ապա կհիշենք, թե ինչպիսի պրոթուրքական ու պրոադրբեջանական քաղաքականություն էր վարում նա`զուգահեռ Եվրոմիության և ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացներին: Իսկ գործող իշխանությունները ցույց տվեցին, որ իրենց համար կարևոր են բոլոր հարևանների հետ լավ հարաբերությունները հաստատելը»,- նշեց վրացագետը:

Էրոյանցի խոսքով` եթե գործող իշխանությունները շարունակեն իրենց որդեգրած քաղաքականությունը, ապա ամեն դեպքում ելքը բացասական չի լինի Հայաստանի համար, եթե չասենք նպաստավոր: 


© 2009 ARMENPRESS.am