Բակո Սահակյանն Արցախի կուսակցական գործիչների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

19:28, 12 Օգոստոս, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է քաղաքական կուսակցությունների դերը սահմանադրական բարեփոխումների գործում, ողջունել այդ գործընթացին նրանց մասնակցելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ կառուցողական քննարկումները միայն կբարձրացնեն տարվող աշխատանքների արդյունավետությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am