Դավիթ Տոնոյանն ԱՄՆ պատասխանատուների հետ քննարկել է խաղաղապահ առաքելություններին հայերի մասնակցության հարցերը

10:04, 18 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն օգոստոսի 17-ին ընդունել է ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության համակարգող Անն Շտիգլիցին և ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի ռազմաքաղաքացիական համագործակցության կենտրոնի խաղաղապահ ծրագրերի պատասխանատու Թիմոթի Բրնին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հովանո ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին հայկական կողմի մասնակցության, դրա համար անհրաժեշտ դասընթացների կազմակերպման և «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա նախագծերին առնչվող հարցեր` խաղաղապահ ուսումնական կենտրոնի վերակառուցում, ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների ձեռքբերում և այլն:

ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրին ՀՀ անդամակցությունը հաստատվել է 2013թ. և նշված ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայկական կողմին խաղաղապահ կարողությունների զարգացման և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությունների ներգրավման գործընթացում:


© 2009 ARMENPRESS.am