Արամ Ա կաթողիկոսը Ժնևում սիրիահայերին աջակցելու հարցով խորհրդակցություններ է անցկացրել

14:48, 20 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Ժնևում խորհրդակցություններ է անցկացրել Սիրիայի հայությանն օժանդակելու հարցով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, Արամ Ա-ն հանդիպում է ունեցել Սիրիայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի գլխավոր բանագնաց Ստեֆան Տի Միսթուրայի հետ: 

Նույն թեմայով Արամ Առաջինը Ժնևում հանդիպումներ է ունեցել նաև միջեկեղեցական այն կազմակերպությունների պատասխանատուների հետ, որոնք Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի միջոցով աջակցություն են ցուցաբերում Սիրիայի քրիստոնեական համայնքներին. Վեհափառ Հայրապետը վերջին 8 տարիներին Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի նախագահներից մեկն է: 

Նորին Սրբությունը հանդիպել է նաև «Արմենոֆաս» մարդասիրական հիմնադրամի նախագահ Թենի Սիմոնյանի հետ, որի ընթացքում շեշտել է սիրիահայությանն օժանդակություն տրամադրելու կարևորությունը: 

Նախքան Ժնև մեկնելը Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի նախագահ Տեր Պետրոս Թերզյանի հետ: Արամ Ա կաթողիկոսը իր գոհունակությունն է հայտնել, որ հիմնադրամն անցնող տարիներին աջակցություն է ցուցաբերել Սիրիայի հայկական դպրոցներին` միաժամանակ շեշտելով օժանդակությունը շարունակելու հրամայականը:

 

 


© 2009 ARMENPRESS.am