Պրահայում տեղի են ունեցել Եվրոպայի պատանեկան առաջնության 5-րդ տուրի հանդիպումները

11:10, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում տեղի է ունեցել Եվրոպայի պատանեկան առաջնության 5-րդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բաժինը, հայտնում է, որ մեր շախմատիստներից առանց միավորների կորստի են ընթանում մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը և մինչև 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը: Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը ընթանում է 7-րդ հորիզոնականում: Մինչև 10 տարեկանների մրցաշարում Արսեն Դավթյանը վաստակել է 4,5, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 4 միավոր: Շանթ Սարգսյանը, ով հանդես է գալիս մինչև 14 տարեկանների մրցաշարում, վաստակել է 4,5 միավոր և մրցաշարի առաջատարից ետ է մնում միայն կես միավորով:

Մինչև 16 տարեկանների մրցաշարում Արամ Հակոբյանը վաստակել է 4 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում: Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը 5-րդ տուրում տարավ 4-րդ հաղթանակը և այժմ վաստակած 4 միավորով կիսում է 4-10-րդ հորիզոնականները:

Աղջիկների պայքարում հաջող է հանդես գալիս մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը և մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Մարիամ Ավետիսյանը, ովքեր 5 հնարավորից վաստակել են 4-ական միավոր և ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում:


© 2009 ARMENPRESS.am