Գյումրիում կանցկացվի Մհեր Մկրտչյանին նվիրված փառատոն

16:05, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 17-ին ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ Գյումրիում կանցկացվի Մհեր Մկրտչյանին նվիրված փառատոն: 

Visit Gyumri զբոսաշրջային նախաձեռնության շրջանակում իրականացվող փառատոնի գաղափարը պատկանում է  «Digital Pomegranate» (Թվային Նուռ) ընկերությունը և «Ծիրանափող» հասարակական կազմակերպությանը:

Փառատոնի կազմակերպիչներից Լիլիթ Բրոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակն է նպաստել Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաեւ այցելուներին եւս մեկ անգամ ծանոթացնել նշանավոր գյումրեցի դերասան Մհեր Մկրտչյանի կյանքին ու գործունեությանը:

«Մենք նպատակ ունենք այդ օրը 100 այցելու բերել քաղաք, եւ ուրախալի է, որ արդեն ունենք 30 գրանցված մասնակիցներ Հայաստանի տարբեր վայրերից՝ Արարատից, Մասիսից, Երեւանից եւ այլն, այսինքն՝ մարդիկ սկսել են հետաքրքրվել փառատոնով: Գյումրի ժամանած հյուրերը կայցելեն Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան, այնուհետեւ կմասնակցեն տարբեր միջոցառումների, Վարդանանց հրապարակում սթրիթ-արտի միջոցով ստանալու ենք Մհեր Մկրտչյանի հին նկարներից: Նախատեսվում է նաեւ ֆիլմի դիտում «Հոկտեմբեր» կինոթատրոնում, հավանաբար կլինի Հովհաննես Պապիկյանի «Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի ցուցադրությունը: Եւ դեռեւս հաստատված չէ, սակայն, գուցե, նաեւ լինեն Ֆրունզիկի կերպարանքով Գյումրու փողոցներով քայլող դերասաններ»,- տեղեկացրեց նա: 

Փառատոնի կազմակերպիչը նաեւ նշեց, որ ցանկանում են դիմել տուրիստական գործակալություններին՝ արտերկրից ժամանած զբոսաշրջիկներին փառատոնում ներգրավելու համար:

Այդ օրը կազմակերպվելու է նաեւ Visit Gyumri բջջային հավելվածի, ինչպես նաեւ նախաձեռնող ընկերության կողմից Մհեր Մկրտչյանի թանգարանի համար պատրաստված կայքի բացումը:

Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել

Visit Gyumri-ն Գյումրու գլխավոր պաշտոնական տուրիստական հարթակն է: Այն ամբողջական տեղեկատվություն է տրամադրում Գյումրու հիմնական պատմաճարտարապետական կառույցների, շենքերի և շինությունների, քաղաքի պատմության, հայտնի մարդկանց, արվեստի և մշակույթի մասին:

 


© 2009 ARMENPRESS.am