Մայքլ Քեյնը Դոլմամա է այցելել լիովին անսպասելի

18:04, 22 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ բրիտանացի դերասան Մայքլ Քեյնի այցը Երևանի Դոլմամա ռեստորան նախապես ծրագրված չի եղել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դոլմամայից, այցն իրենց համար լիովին անսպասելի է եղել: «Մեր աշխատակիցներից մեկը, ով ֆիլմերի սիրահար է, նկատեց նրան, թե չէ ի սկզբանե կասկածում էինք ինքն է, թե չէ: Նա այցելեց ուղղակի որպես շարքային քաղաքացի»,- նշեցին ռեստորանից` հավելելով, որ իրենց բոլոր առաջին անգամվա այցելուներին իրենք առաջարկում են ավանդական հայկական ճաշատեսակներ` դոլմա և խաշլամա:

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Մայքլ Քեյնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր «Բարև գեղեցիկ Հայաստանից», իսկ մի քանի ժամ անց նշել, որ մեկնում է Հայաստանից Լոնդոն:

Բրիտանացի հայտնի դերասան Մայքլ Քեյնը 30 տարեկանում արժանացել է միջազգային ճանաչման՝ 1964 թվականին «Զուլու» ֆիլմում կատարելով լեյտենանտ Գոնվիլ Բրոմհիդի դերը: Շոն Քոններիի երաշխավորությամբ նա նկարահանվել է «Իպկրեսի դոսյեն» ֆիլմի գլխավոր դերում՝ մարմնավորելով էքսցենտրիկ ու կնամոլ լրտես Հարի Պալմերին, ով ակնոց էր կրում: Հետագայում Հարի Պալմերը դարձել է Օսթին Պաուերսի նախատիպը: 

1966 թվականին նկարահանված «Էլֆի» ֆիլմում Քեյնը կատարում է կապուտաչյա շիկահերի դեր, որի համար նա առաջին անգամ ներկայացվել է «Օսկարի»: Առաջին ամերիկյան ֆիլմը, որում նկարահանվել է Քեյնը, եղել է «Գամբիտ» կինոնկարը, որում նա նկարահանվել է ամերիկացի հայտնի դերասանուհի Շիրլի ՄաքԼեյնի հետ միասին:

Քեյնը նկարահանվել է նաև հաջողության արժանացած երկու ֆիլմերում՝ «Պանդորայի արկղը» և «Իտալական աշխատանք» (1969): 1971 թվականին նա Թեդ Լյուիսի վեպի հիման վրան նկարահանված «Վերացնել Քարթերին» ֆիլմում կատարել է դաժան մարդասպանի դեր (Քեյնը ոչ մեծ դեր է կատարել այդ ֆիլմի ռեմեյքում, որ նկարահանվել է 2000 թվականին):

 


© 2009 ARMENPRESS.am