Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է «Լեսթեր»-ի դեմ հանդիպմանը

20:57, 23 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի  և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Պրեմիեր լիգայի շրջանակներում գործող չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ի դեմ առաջիկա խաղին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով անգլիական ակումբի պաշտոնական կայքը, նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ «Լեսթեր»-ի դեմ խաղին ընդառաջ թիմում վնասվածք ունի միայն ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը, իսկ մնացած ֆուտբոլիստներն առողջ են:

Հենրիխ Մխիթարյանը ազդրի վնասված էր ստացել օգոստոսի 31-ին կայացած Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Նա բաց թողեց նաև աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը, որից հետո սեպտեմբերի 10-ին մասնակցեց Պրեմիեր լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման առաջին խաղակեսին: Այդ խաղից հետո հայտարարվեց, որ հայ կիսապաշտպանի վնասվածքը խորացել է և նա բաց կթողնի մոտ 10 օր: Մխիթարյանը «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից հետո բաց թողեց իր ակումբի հաջորդ երեք խաղերը:


© 2009 ARMENPRESS.am