Ադրբեջանում հանրաքվեն ավարտվել է. նախագահի լիազորություններն ավելացվել են

10:34, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 26-ին երկրում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազաիր Փանախովը հայտնել է, որ հանրաքվեին մասնակցել է ընտրազանգվածի 69.7 տոկոսը:

Համաձայն ներկայացված տվյալների` Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից 7 տարվա երկարաձգելու կողմ է արտահայտվել քվեարկողների 91.2 տոկոսը, փոխնախագահների ինստիտուտի ներդրմանը կողմ է 89 տոկոսը, պատգամավորների ընտրության ժամանակ տարիքային սահմանափակումը վերացնելուն կողմ է 88.3 տոկոսը, նախագահի ընտրության ժամանակ տարիքային սահմանափակմանը` 91 տոկոսը:

Ադրբեջանի քաղաքացիները նաև երկրի նախագահին տվել են խորհրդարանը ցրելու իրավունք. այդ փոփոխության օգտին է քվեարկել 87,4 տոկոսը:

Ադրբեջանում հանրաքվեն ընթացել է կոպտագույն խախտումներով: Գրանցվել են քվեաթերթիկների լցոնումների, ընտրական «կարուսելների» բազմաթիվ դեպքեր:

Ավելի վաղ Վենետիկի հանձնաժողովը հանդես էր եկել Ադրբեջանի սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների խիստ քննադատությամբ: Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ներկայացված փոփոխությունները խախտում են իշխանությունների հավասարության սկզբունքն ու  աննախադեպ լիազորություններ տալիս երկրի նախագահին:


© 2009 ARMENPRESS.am