Բիլիարդի «Մոսկովյան բուրգ» խաղաձևի Հայաստանի առաջնության հաղթող է ճանաչվել Ռազմիկ Վարդանյանը

14:03, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավատրվել է սեպտեմբերի 25-ին մեկնարկած «Մոսկովյան բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի բաց առաջնությունը, որին մասնակցել է մոտ չորս տասնյակ մարզիկ Հայաստանից և Արցախից։ Առաջնությունը կազմակերպվել էր Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիայի կողմից։ 
Երկօրյա համառ պայքարի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի առաջատար մարզիկներ և Հայաստանի բիլիարդի հավաքականի անդամներ Խաչատուր Ավետիսյանը և Ռազմիկ Վարդանյանը։ «ԷՖՖԷ Նոր Նորք» ակումբում կայացած եզրափակիչում 5-2 հաշվով հաղթանակ է տարել Ռազմիկ Վարդանյանը։

Վարդանյանն առաջին անգամ է արժանանում Հայաստանի բիլիարդի չեմպիոնի կոչմանը։ Երրորդ հորիզոնականն են զբաղեցրել Կարեն Վարդանյանը և Գևորգ Դաշյանը:
Հաղթողներին պարգևատրել են ՀԲՍՖ նախագահ Իգոր Խաչատուրովը և փոխնախագահ Սամվել Չախալյանը։ Լրագրողների հետ զրույցում Իգոր Խաչատուրովը հայտնել է, որ այս տարվա դեկտեմբերին կկայանա «Ազատ բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը։ Ֆեդերացիան սիրով հրավիրում է մարզիկներին մասնակցելու Հայաստանի հերթական բաց առաջնությանը:
Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիան գործում է 2008-ից: Ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Բուրգի Միջազգային Կոմիտեի (Բիլիարդի Միջազգային Ֆեդերացիա) հետ: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձևերի համար անցկացվում են ՀՀ առաջնություններ, որոնցում հաղթած մարզիկները Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու իրավունք են ստանում:


© 2009 ARMENPRESS.am