Վրաստանի ԱԳՆ-ն պատասխանել է «Հայրենասերների դաշինքի» հակաթուրքական հայտարարություններին

10:10, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն կոչ Է արել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հակազդել այն կուսակցությունների բոլոր հայտարարություններին, որոնք ուղղված են ազգությունների եւ պետությունների միջեւ ատելության բորբոքմանը: Ջանելիձեն համապատասխան հայտարարությունը տարածել Է այն բանից երեք օր անց, երբ հեռուստատեսությունում հայտնվել Է «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի-Հայրենասերների դաշինք, միավորված ընդդիմություն» ընտրադաշինքի նախընտրական գովազդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Տեսահոլովակում նշվում Է, որ Թուրքիան ցանկանում Է յուրացնել հանրապետության երկու տարածաշրջան՝ Աբխազիան եւ Աջարիան: Բացի այդ, գովազդում Թուրքիային մեղադրում են վրացիների ցեղասպանության մեջ:

«Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն Է: Անկախության վերականգնման օրվանից նա հաստատակամորեն պաշտպանում եւ աջակցում Է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի եւ բարիդրացիության սկզբունքով, եւ չկա ոչ մի նշան, որ այդ հարաբերություններն սպառնալիք են ստեղծում»,- ասված Է Վրաստաի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am