Հայ դուդուկահարն ու գերմանացի շրթհարմոնահարն աշխարհին կներկայացնեն հայկական մշակույթի մոգական ուժը

17:52, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես  Շարամբեյանի  անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ՀՀ  վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը և ազգությամբ գերմանացի Սորեն Բիրքեն (շրթհարմոն) հանդես եկան համատեղ համերգով, որի ընթացքում հնչեցին հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ: Համերգի սկզբում Դաբաղյանն ասաց, որ իր նպատակը եղել ու մնում է աշխարհին հավուր պատշաճի դուդուկի, հայ երաժշտական մշակույթի մոգական գրավչությունը ներկայացնելը: «Գերմանացի իմ գործընկերոջ հետ համագործակցում ենք վեց տարի, և «Երաժշտական երկխոսություն» խորագրով այս համերգը նախատեսված ծրագրերի նախերգանքն է: Մենք ձգտում ենք աշխարհին ցույց տալ հայկական մշակույթի ողջ գրավչությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Դաբաղյանը:

Գևորգ Դաբաղյանը դուդուկի միջոցով ներկայացնում է հայ միջնադարյան, հոգևոր երաժշտությունը Հայաստանում և ողջ աշխարհում: Որպես դուդուկահար նա մասնակցել է բազմաթիվ փառատոների, համերգների և մրցույթների` արժանանալով բարձր մրցանակների:
Նրա կատարումները հնչել են արտասահմանյան մի շարք կինոնկարներում. Ատոմ Էգոյանի «Արարատ», իտալացի ռեժիսորներ Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» և այլն:
1988-
ից նա դասավանդում է Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիայում: 2004-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:
Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնն ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական ու ոչ նյութական արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումը ու հանրահռչակումը:      Կենտրոնը ստեղծվել է 2011-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի միավորմամբ:


© 2009 ARMENPRESS.am