Հարկային նոր օրենսգրքով նախատեսվում է շուրջ 1300 կարգավորում

18:40, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի կարծիքով՝ Հարկային նոր օրենսգիրքը էական բարելավում է՝ ի համեմատ գործող օրենսգրքի:

«Հարկային  նոր օրենսգրքում ներկայացված են բազմաթիվ առաջարկություններ,  մոտ 1300 կարգավորում է նախատեսվում:  Ցավում եմ, որ հատկապես առաջին ընթերցմամբ քննարկումների ժամանակ Հարկային օրենսգրքի մասին տպավորությունները սահմանափակվեցին միայն եկամտահարկի դրույքաչափերով, ՓՄՁ-ի շեմով եւ շահաբաժինների հարկմամբ: Սրանք հիմնականում  քաղաքականության հետ կապված հարցեր են, որոնք մենք վերանայեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով՝ Հարկային նոր օրենսգիրքը ներառում է մի շարք այլ կարգավորիչ դրույթներ, որոնք բիզնեսի դաշտը կդարձնեն ավելի կանխատեսելի, կնվազեցնեն հարկային վարչարարության բեռը եւ կկրճատեն հարկ վճարողների եւ հարկային տեսուչների շփումը:

«Կարծում եմ՝ օրենսգրքի ընդունումից  հետո, երբ տնտեսվարող սուբյեկտները, գործարարները հնարավորություն ունենան ծանոթանալու օրենսգրքին եւ դրա կարգավորումներին,  կունենանք ոչ բացասական արձագանք»,-եզրափակեց նա:

Սեպտեմբերի 28–ին ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում Վախթանգ Միրումյանը ներկայացրեց Հարկային նոր օրենսգիրքը, որը քվեարկության կդրվի սեպտեմբերի 29-ին:


© 2009 ARMENPRESS.am