Մխիթարյանն ակնկալում է արագ հասնել լավագույն մարզավիճակի

20:10, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել, որ շատ արագ կհասնի լավագույն մարզավիճակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Մխիթարյանը նշել է թվիթերյան իր էջում` անդրադառնալով անգլիական թիմի ընդհանուր խմբի հետ մարզումները վերսկսելուն:

«Իսկապես, ուրախ եմ սկսել մարզումները թիմի հետ: Լիարժեք մարզավիճակի հասնելու ճանապարհին եմ: Հույս ունեմ, որ շատ արագ կհասնեմ լավագույն մարզավիճակի»,- գրել է Մխիթարյանը:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի շրջանակում կայանալիք ուկրաինական «Զարյա»-ի դեմ հանդիպմանը, որը կայանալու է սեպտեմբերի 29-ին: «Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է թիմի հետ այսօրվա առավոտյան մարզմանը, սակայն վաղը երեկոյան խաղադաշտ դուրս չի գա, քանի որ շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից հետո»,- ասել էր Ժոզե Մոուրինյոն:

Հանդիպումը կայանալու Երևանի ժամանակով 23:05-ին:

Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս սեպտեմբերի 10-ից, քանի որ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում նրա վնասվածքը կրկնվել էր։


© 2009 ARMENPRESS.am