ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի նոր կազմը հաստատվել է

09:56, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդ նոր կազմով: Այն կազմված է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների փորձառու ներկայացուցիչներից եւ անկախ մասնագետներից (սոցիոլոգ, հոգեբան, բժիշկ եւ այլն): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Խորհուրդը ստեղծվում է՝ հիմք ընդունելով այն, որ Պաշտպանը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն ճանաչվել է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: Դրանից բացի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս Պաշտպանին պատվիրակելու որոշակի ծավալով լիազորություններ փորձագիտական խորհրդի անդամներին:

Խորհրդի նպատակն է աջակցել Պաշտպանին վեր հանելու ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին առնչվող խնդիրները եւ ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ, այդ թվում՝ օրենսդրական համապատասխան ակտերի հետ համադրված վերլուծությունների հիման վրա: Խորհրդի հիմնական գործառույթն ազատությունից զրկման վայրերի մոնիթորինգն է, որը պետք է իրականացվի այդ վայրեր պարբերական այցերի միջոցով:


© 2009 ARMENPRESS.am