ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը

14:08, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քվեարկության դրվեց ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխված նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն ընդունվեց 79 կողմ, 24 դեմ,  1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ այս տարբերակը լիովին տարբերվում է նախորդից: «Օրենսգիրքը միայն վերջին ժամանակահատվածում քննարկվել է 25 անգամ, մեր պատգամավորների կողմից արվել են 300 առաջարկություններ, որոնց գերակշիռ մասն ընդունվել է: Հիմնարար փոխվել է Հարկային օրենսգիրքը, այս տարբերակը բացարձակապես այլ որակի փաստաթուղթ է, եւ ես կողմ եմ դրույթներին»,- ասաց պատգամավորը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ ցանկալի կլիներ փոփոխված տարբերակը քննարկել նաեւ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաեւ նոր կառավարության հետ: «Ստացվում է այնպես, որ ձեւավորվել է նոր կառավարութուն, սակայն մենք աշխատում ենք հին ձեւով»,- ընդգծեց նա:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ նկատեց, որ թեպետ ի համեմատ նախորդ տարբերակի` սա ավելի մշակված է, սակայն դա բավարար չէ: «Երկրորդ տարբերակում կատարվել են բավականին փոփոխություններ, սակայն արդյոք դա է մեր նպատակը: Կարծում եմ`ոչ.  մենք չենք հասել մեր նպատակին` գործարար միջավայրի փոփոխություն, բիզնեսի խրախուսում:  Առաջին տարբերակից երկրորդում փոփոխություն անելը շատ փոքր նպատակ է»,- ասաց պատգամավորը:


© 2009 ARMENPRESS.am