Սպասվող լրահոս. 30.09.2016
09:06, 30 Սեպտեմբեր, 2016ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր` սեպտեմբերի 30-ին, կբացվի «Նորարարությունների կառավարում» միջազգային երիտասարդական գիտական դպրոցը: Դպրոցի նպատակն է ինտերակտիվ դասընթացների միջոցով մասնակիցներին ծանոթացնել գիտաինովացիոն նախագծերի առևտրայնացման արդյունավետ մեխանիզմներին, գաղափարից մինչև շուկա հասնելու գործընթացին և դրա առանձնահատկություններին: Դպրոցին մասնակցում են Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից ժամանած 20-35 տարեկան երիտասարդ գիտնականներ, ուսանողներ, ասպիրանտներ, գիտաշխատողներ և նորարարներ:
Այսօր մեկնարկում է «ԴիջիԹեք Էքսպո» տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցահանդեսը: Այն այս տարի կհամախմբի շուրջ 60 հազար այցելուների: Կազմակերպիչները նշել են, որ այս տարի շեշտը դրվել է ռազմարդյունաբերական ոլորտում ներդրումների պոտենցիալի վրա:
Կենտրոնական բանկը կներկայացնի ֆինանսական շուկայի եւ գների կայունացման վերաբերյալ տվյալներ:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի Լ.Ա.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 55-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով: Գիտաժողովի բացմանը կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացվելու է «Կոկա Կոլա Երևան կիսամարաթոն» վազքը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան և այլք կներկայացնեն սպասվող մարաթոնի մանրամասները:
Երևանում կանցկացվի «Ապագայի բժշկություն. համատեղ հայացք համընդհանուր խնդրին» խորագրով միջազգային մասնակցությամբ 3-րդ տարեկան գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված է ՀՀ անկախության 25 ամյակին: Այն անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Գիտաժողովի ընթացքում հիմնական շեշտադրմամբ ներկայացվելու են 25-ամյա կայացած պետության առողջապահության համակարգի և բժշկության ձեռքբերումները:
Հայաստանում կիրականացվի նորածնային բուժօգնության բարելավման ծրագիր, որի պաշտոնական ստորագրության արարողությունը տեղի կունենա այսօր ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև:
«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիան Հայաստանում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ անցկացրել է սոցհարցում: Այսօր ներկայացնելու է Վանաձորում առաջադրված քաղաքական կուսակցությունների ու անհատների վարկանիշային տվյալները:
«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը կներկայացնի 5-րդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի գործունեության և պատգամավորների գույքի ու եկամուտների 2012-2016թթ. հայտարարագրերի դիտարկման արդյունքները:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:
© 2009 ARMENPRESS.am