ԲՀԿ-ն չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը

13:36, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցի կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու քվեարկությանը: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ մենք չենք կարող կիսել այս կառավարության ծրագրի պատասխանատվությունը: Քանի որ մենք իշխանություն չենք, բնականաբար, չենք կարող կիսել: ԲՀԿ-ի կուսակցական պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելքումյանը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ը ձեռնպահ կքվեարկի կառավարության ծրագիրը հավանության արժանացնելուն, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հայտարարել է, որ կառավարության ծրագիրը կստանա ՀՅԴ-ի ամբողջական աջակցությունը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց կառավարության ծրագիրը, սակայն չհստակեցրեց, թե ՀԱԿ-ն ինչպես է քվեարկելու:


© 2009 ARMENPRESS.am