Շուշիում Արցախյան ազատամարտում նահատակված Վարդան Ստեփանյանի անվան դասարան է բացվել

16:07, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Շուշի քաղաք եւ Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցում մասնակցել Արցախյան ազատամարտում նահատակված հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի անվան դասարանի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Երեւանի պետական համալսարանին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ ընդգծելով, որ դա նպաստում է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործին:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am