Հայաստան են ներկրվում 2.5 րոպեում գիտահետազոտական փորձաքննություն իրականացնող սարքավորումներ

19:28, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոնցեռն-Էներգոմաշ»  ընկերության անալիտիկ ստորաբաժանման ղեկավար Գայանե Խաչվանքյանը, ով «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի շրջանակում  ներկայացնում էր ընկերության ծառայությունները, հույս ունի, որ Հայաստանում չեն լինի լաբորատորիաներ, որոնք գործում են հին սարքավորումներով:

«Կոնցեռն-Էներգոմաշ»  ընկերությունն արդեն երկար տարիներ է` զբաղվում է տարբեր գիտահետազոտական սարքավորումների ներկրմամբ եւ վաճառքով,  դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ:

Գայանե Խաչվանքյանը նշեց, որ սարքավորումների միջոցով հնարավոր է ստուգել սննդամթերքի որակը եւ անվտանգությունը:

«Դա ոչ միայն կնպաստի արտադրողի արդյունավետությանը, այլեւ ազգաբնակչության անվտանգությանը: Մենք ունենք սարքերի սպասարկման ինժեներական մեծ խումբ եւ սարքերի անհրաժեշտ պահեստամասեր Երեւանում, այնպես որ հաճախորդը ստիպված չի լինի երկար սպասել սարքի ներմուծումից հետո: Նոր տեխնոլոգիաները շատ մեծ հնարավորություն են տալիս ամեն ինչ կազմակերպել արագ` նվազեցնելով նյութերի ծախսը: Եթե մի քանի տարի առաջ փորձաքննությունը տեւում էր մեկ օր, ապա այսօր մենք առաջարկում ենք մի սարք, որն ընդամենը 2.5 րոպեում կարողանում է Մենդելեեւի ամբողջ պարբերական աղյուսակը որոշել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ընկերության ներկայացուցիչը` հավելելով, որ ընկերության ծառայություններից օգտվում են մի շարք գերատեսչություններ, այդ թվում` Առողջապահության, Պաշտպանության նախարարությունները, ինչպես նաեւ գինու եւ կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, մասնավոր լաբորատորիաները:

Գայանե Խաչվանքյանի խոսքով` թեպետ ընկերության հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, այնուամենայնիվ կա իրազեկվածության պակաս:

«Այսօր, ցավոք, պահանջարկն այնքան էլ մեծ չէ, որքան կուզենայինք: Դա բացատրվում է  նրանով, որ մարդիկ դեռ այնքան էլ տեղյակ չեն այդ սարքերի մասին, ինչպես նաեւ կա պետական հովանավորության անհրաժեշտություն այն պետական լաբորատորիաներին, որոնք պետք է թարմացնեն իրենց սարքավորումները: Այսօր դեռ կան այդպիսի լաբորատորիաներ, որոնք հին սարքավորւմներով են աշխատում»,-եզրափակեց նա:


© 2009 ARMENPRESS.am