Ծաղկաձորում բացվեց հինգերորդ 5-աստղանի հյուրանոցային համալիրը

14:39, 3 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում դեկտեմբերի 3-ին հանդիսավորությամբ բացվեց «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրը, որը գտնվում է քաղաքի սկզբնամասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում հյուրանոցային համալիրի տնօրեն Հայկ Գաբրիելյանը նշեց, որ այն կառուցված է ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան: «Հյուրանոցն ապահովում է 120 աշխատատեղ, իսկ մեր կարգախոսն է «Բարի գալուստ» տուն, քանի որ այստեղ մենք փորձում ենք ապահովել ջերմություն ընտանիքների համար»,- նշեց Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ հյուրանոցում մեկ սենյակի համար գները տատանվում են 30.000-90.000 դրամի շրջանակներում՝ կախված սենյակի տեսակից: «Արարատ ռեզորտը» Ծաղկաձորի հինգերորդ հինգաստղանի հյուրանոցային համալիրն է: Այն ունի մինիֆուտբոլի դաշտ, զբոսնելու և սահնակ քշելու տարածք, ինչպես նաև մանկական սենյակ:

Հյուրանոցն ունի 80 համար, որոնք բաժանվում են վեց տարբեր տեսակների՝ մեկ տեղանոցից մինչև ընտանեկան հանգստի համար նախատեսված համարներ: Հյուրանոցային համալիրի տարածքը 40 հազար քառակուսի մետր, շինության ընդհանուր մակերեսը 10 հազար քառակուսի մետր: Համալիրի ստեղծման գործում ներդրվել է 7.5 միլիարդ դրամ:

[gallery id= 58056]


© 2009 ARMENPRESS.am