ՀՀ վարչապետը ԱԶԲ պատվիրակության հետ քննարկել է համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

13:32, 6 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դետեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԱԶԲ գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության և տարբեր ոլորտներում բազմաթիվ արդյունավետ ծրագրերի իրականացման կապակցությամբ: Անդրադառնալով կառավարության գործունեության առաջնահերթություններին՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծման վերաբերյալ և կարևորել այդ գործընթացներում ԱԶԲ հնարավոր ներգրավումը:

Շեյն Ռոզենթալը բարձր է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ ԱԶԲ-ն ճկուն է իր ծրագրերում ու պատրաստ է ոչ միայն շարունակել աջակցությունը համատեղ նախաձեռնություններին, այլև ուսումնասիրել առկա կարիքները և օժանդակել ՀՀ կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում:

Զրուցակիցները քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, մասնավոր հատվածին աջակցության ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետը կարևորել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հիման վրա ծրագրերի նախաձեռնումը, որոնք կխթանեն բիզնեսի զարգացումը և հանձնարարել պատասխանատուներին՝ ԱԶԲ հետ մանրամասն քննարկել հետագա անելիքները: 


© 2009 ARMENPRESS.am