Պուտինը, Թրամփը եւ Բեյոնսեն տեղ են գտել Time հանդեսի «Տարվա մարդ» վարկանիշի համառոտ ցանկում

15:07, 6 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Time հանդեսը հրապարակել Է «Տարվա մարդ» վարկանիշի համառոտ ցանկը: Այն, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  զետեղված Է հրատարակության կայքում:

Ցանկում տեղ են գտել 11 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարարներ, մարզիկներ, հասարակական գործիչներ եւ շոու- բիզնեսի աստղեր: Նրանց թվում են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ում պետության ղեկավարի ընտրությունները տանուլ տված Հիլարի Քլինթոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ինչպես նաեւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, երգչուհի Բեյոնսեն եւ այն մարդկանց խումբը, ովքեր հայտնել են ԱՄՆ-ի Ֆլինթ քաղաքի թունավոր ջրի վերաբերյալ տեղեկատվությունը:     

Մինչ այդ Time-ը նաեւ հրապարակել Էր ընթերցողների վարկածով «Տարվա մարդ» վարկանիշը: «Տարվա մարդ» Է ճանաչվել Հնդկաստանի վարչապետը՝ ձայների 18 տոկոսով: Երկրորդ հորիզոնականը բաժանել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, այդ պաշտոնում նրա հաջորդ Դոնալդ Թրամփը եւ WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժը (ձայների յոթական տոկոս): Երրորդ հորիզոնականում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Է, նրա օգտին արտահայտվել Է հարցման մասնակիցների վեց տոկոսը:

Խմբագրության վարկածով «Տարվա մարդը» Time-ը կհայտարարի դեկտեմբերի 7-ին: 2015 թվականին այս կոչումը բաժին Էր հասել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:


© 2009 ARMENPRESS.am