Հայաստանում որևէ մենաշնորհ գոյություն չունի. ՀՀ վարչապետ

17:26, 7 Դեկտեմբեր, 2016

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում որևէ մենաշնորհ գոյություն չունի: Այս մասին դեկտեմբերի 7-ին Գյումրիում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով  լրագրողների հարցին: Կարեն Կարապետյանը հավաստիացրեց, որ յուրաքանչյուր ոք կարող է ներկրել այն, ինչ ուզում է: «Որեւիցե մենաշնորհ գոյություն չունի Հայաստանում, կամայական ապրանք կարող եք գնալ բերել»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Պատասխանելով այն հարցին  թե արդյոք հանրապետությունում այս ընթացքում  դրական տեղաշարժ արձանագրվե՞լ է` վարչապետը նշեց, որ դա անընդհատ աշխատելու գործընթաց է: «Դրական առաջընթաց արձանագրելու համար անընդհատ աշխատանք է պետք: Օրինակ, երեկ մեկը կարողացել է ներկրել մի ապրանք, որը մինչեւ այդ չէր ներկրում, դա առաջընթա՞ց է, թե՞ ոչ, ըստ ձեզ:  Մենք ամեն օրվա աշխատանք ունենք՝ մրցունակ, բաց, հավասար պայմաններ ստեղծելու: Եթե մի օր մրցունակ է« հաջորդ օրն անելիք չունե՞նք: Պարբերական աշխատանք ունենք: Միշտ եղել է հանձնարարական` հակակոռուպցիոն, հակամոնոպոլ  քաղաքականության, որպեսզի գործարար  մարդն իրեն խնդիրների  մեջ չզգա: Այդ առումով որոշակի առաջընթաց կա« որը բավարար չէ, իհարկե, եւ շարժվելու ենք առաջ»,-հավելեց վարչապետը:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am