Պետությունը պետք է հստակ մեխանիզմներ ստեղծի բնական աղետներից տուժած գյուղացիների խնդիրները լուծելու համար

18:38, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական վարկեր ձեռք բերած բազմաթիվ գյուղացիներ չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները տարբեր պատճառներով, սակայն հիմնականը կապված է բնական աղետների հետ, որոնց արդյունքում բերքը չի ստացվում, եկամուտ չի ապահովվում ու գյուղացին չի կարողանում վճարել իր վարկերը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին:  

«Խնդիրն իրոք առկա է, եւ դրա լուծման համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում, իսկ մեխանիզմները քննարկվում են ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ Կենտրոնական բանկի հետ: Անհրաժեշտ է հասկանալ, որ վարկերը մասնավոր անձը ձեռք է բերում մասնավոր ֆինանսական կառույցից՝ երկու կողմերի միջեւ կնքված պայմանագրի հիմքով: Սակայն բնական աղետի պատճառով գյուղացին զրկվում է վարկունակությունից, հետեւաբար՝ պետությունը պետք է հստակ մեխանիզմներ մշակի խնդիրը լուծելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նա հավելեց, որ ներկայումս KFW-ի հետ քննարկումներ են անցկացվում մի շարք տարերային աղտների շուրջ գյուղատնտեսական ապահովագրության ներդրման պիլոտային ծրագրի շուրջ, որպեսզի աղետի դեպքում գյուղացին զերծ մնա տարատեսակ ֆինանսական ռիսկերից:


© 2009 ARMENPRESS.am