Եգիպտացի նախարարը բարձր է գնահատում Ամենհոտեպ 3-րդի տաճարի պեղումներին հայ մասնագետների մասնակցությունը

18:55, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը դեկտեմբերի 7-ին հանդիպել է ԵԱՀ հնությունների հարցերով նախարար Խալեդ ալ-Անանիին։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև հնագիտության ոլորտում առկա համագործակցությանը՝ ընդգծելով դրա հետագա ընդլայնման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման կարևորությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այդ համատեքստում մտքեր են փոխանակվել հնագիտության ոլորտում փորձի փոխանակման և փոխայցելությունների ակտիվացման հեռանկարների շուրջ, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանելու երկու երկրների ազգային թանգարանների միջև համագործակցությունը։

Նախարար ալ-Անանին իր հերթին բարձր է գնահատել Լուքսորում գտնվող Ամենհոտեպ 3-րդի տաճարի պեղումների աշխատանքներին հայ մասնագետների մասնակցությունը։


© 2009 ARMENPRESS.am