Վարդենյաց լեռնանցքում կատարվում են ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքներ

19:51, 7 Դեկտեմբեր, 2016

ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենյաց լեռնանցքում դեկտեմբերի 6-ին տեղացած ձյան եւ բքի արդյունքում դժվարանցանելի վիճակ էր առաջացել Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին, ինչը հաղթահարելու համար ճանապարհաշինարարները այսօր առավոտվանից  սկսել են մաքրման եւ մշակման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճանապարհի սպասարկումն ապահովող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանը, դժվարանցանելի վիճակ ստեղծվել է Ծաղկաշեն յայլաղատեղի մինչեւ Քարավանատուն ընկած մոտ 3 կիլոմետր հատվածում, որտեղ կուտակվել է ձյան հաստ շերտ:

«Առավոտվանից արդեն մաքրվում է ձյան շերտը, լայնացվում ճանապարհը երկկողմանի երթեւեկությունը լիարժեք ապահովելու համար, կատարվում է մշակման աշխատանքներ աղով եւ ավազով:Մշակվում են նաեւ ճանապարհի մյուս սառցակալած հատվածները: Օրվա ընթացքում կապահովվի ճանապարհի լիակատար անցանելիությունը»-ներկայացրեց Աղասի Ղուկասյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից ստացված տվյալներով՝ թեեւ մարզի մյուս ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, սակայն դրանք հիմնականում անցանելի են տրանսպորտային երթեւեկության համար:

Արեւոտ ու հանդարտ եղանակը հնարավորություն է տվել սպասարկող կազմակերպություններին՝ անխափան իրականացնելու ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am