ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել Հայաստանում ընտրական գործընթացի բարեփոխումները

15:52, 14 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է կարիքների գնահատման առաքելության  զեկույցը, որում առանձնացված են մի շարք դրական կողմեր և առաջընթաց ընտրական գործընթացների բարեփոխումների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը, զեկույցում կարևորվում է այն հանգամանքը, որ Հայաստանում ընտրական գործընթացի բարեփոխումները իրականացվել են հանրային լայն քննարկումների ու քաղաքական կոնսենսուսի առկայության արդյունքում:

Զեկույցում նշվում է, որ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարիքների գնահատման առաքելության  շատ զրուցակիցներ մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջև հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ ուղղված նախքան ընտրությունները հանրային վստահության մթնոլորտ ձևավորելուն:

ՀՀ ընտրական նոր օրենսգրքում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում ներկայացված մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ այն առաջարկությունները, որոնք վերաբերում էին ընտրողների ցուցակներին և նույնականացմանը, կանանց՝ որպես թեկնածուների ներկայացվածությանը, բողոքներին և դիմումներին, ինչպես նաև քարոզչությանը և նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը։ 

Ըստ զեկույցի, քաղաքացիական հասարակությունը ակտիվ գործունեություն է ծավալել  նոր Ընտրական օրենսգրքի քննարկումների ընթացքում։ Այն կարևոր դեր է կատարել ընտրական բարեփոխումների գործընթացում, թեև միշտ չէ, որ համաձայն է եղել վերջնական բարեփոխումների հետ։ 


© 2009 ARMENPRESS.am