Շավարշ Քոչարյանն անհրաժեշտ է համարում պատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին

14:14, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը գտնում է, որ հայկական կողմն իր հույսն առաջին հերթին պետք է դնի իր ուժերի վրա և Ադրբեջանի սադրիչ գործողություններին պատասխան տա: «Մեր հույսն առաջին հերթին պետք է դնենք մեր ուժերի վրա: Սրանից են բխում մնացած բոլոր գործողությունները: Բնական է` սադրիչ գործողությունները պետք է պատասխան ստանան: Այլ հարց է, որ ի տարբերություն Ադրբեջանի` հայկական երկու պետությունները իրոք չեն ձգտում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսմանը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը` հիշեցնելով դեռ 1994 թ. զինադադարի մասին եռակողմ փաստաթղթի մասին:

Քոչարյանի դիտարկմամբ, Ադրբեջանը փորձում է կամ ձևացնում է, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Իսկ հայկական կողմերը հավատարիմ են ու ի տարբերություն Ադրբեջանի՝ ձգտում են հրադադարի պայմանագրի պահպանմանը: «Դա չի նշանակում, որ մենք վախենում ենք, նշանակում է` մենք գտնում ենք, որ ճիշտ է հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով», - ընդգծեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը:


© 2009 ARMENPRESS.am