Արման Նավասարդյանը բացառում է Ռուսաստան-Թուրքիա հնարավոր քաղաքական «մեղրամիսը»

15:13, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայում Սիրիայի հարցով կայանալիք բանակցությունները կարող են փոխել տարածաշրջանի քաղաքական դեմքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ  Իրանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների սրումը կհանգեցնի ռուս-իրանական հարաբերությունների վատթարացմանը: «Աստանայում, իմ կարծիքով, տեղի է ունենալու ոչ միայն թուրք-իրանական հարաբերությունների լուրջ սրում, որը կարող է վերջնականապես փլուզել  դաշինքը, այլև հարցականի տակ է դրվելու այն  քաղաքականությունը, որ Ռուսաստանը վարում է  Թուրքիայի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց դեսպանը:

Արման Նավասարդյանի համոզմամբ` Ռուսաստանը եւ Թուրքիան չեն հանգի վերջնական քաղաքական մեղրամսի եւ չեն լուծի հարցերը ի շահ մեկը մյուսի՝  դա համարելով անբնական քայլ:

Սիրիայի հարցով բանակցություններն Աստանայում մեկնարկելու են հունվարի 23-ին: Կմասնակցեն զինվորականներ Սիրիայում կրակի դադարեցման երաշխավոր երկրներից` Ռուսաստանից, Իրանից և Թուրքիայից:


© 2009 ARMENPRESS.am