Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչին

21:08, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 20-ին ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Ֆլորանս Մանժենին, ով Երևանում է գտնվում երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կապակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման հեռանկարներին:

Հանդիպմանը քննարկվել են Երևանում կայացած խորհրդակցությունների արդյունքները, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև փոխգործակցության սերտացմանն ուղղված քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը և Ֆլորանս Մանժենն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:


© 2009 ARMENPRESS.am