Կոռուպցիոն սկանդալում ներգրավված ադրբեջանցի պատգամավորները չեն մասնակցի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին

16:20, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը մեկնարկելու է հունվարի 23-ին, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի ներկայացուցիչները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցող Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության կազմում չեն ընդգրկվել ԵԽԽՎ պատգամավորների, մասնավորապես Լուկա Վոլոնտեի հետ կոռուպցիոն գործարք իրականացնելու մեջ մեղադրվող ադրբեջանցի պատգամավորներ Էլհան Սուլեյմանովը և Մուսլում Մամմեդովը:

Ադրբեջանցի պատգամավորների և ԵԽԽՎ պատգամավորների կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ գործը ներկայումս գտնվում է Իտալիայի դատախազության վարույթում:

ԵԽԽՎ ձմեռային ստաշրջանի օրակարգում ընդգրկված են Թուրքիայի և Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտների  գործունեության, սիրիական ճգնաժամի, լրագրողների ճնշման, առցանց ԶԼՄ-ների ազատության, Եվրոպայում մամուլի ազատության վերաբերյալ մի շարք հարցեր:


© 2009 ARMENPRESS.am