Գիշերն արձանագրվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների աճ

09:36, 10 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան, հարավային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից ու նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 34 արկ, որից 24-ը ականանետերից, 10-ը՝ նռնականետերից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում՝ խիստ անհրաժեշտության դեպքում պատասխանելով հակառակորդի նախահարձակ գործողություններին:


© 2009 ARMENPRESS.am