Թուրքագետը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար չի տեսնում

18:32, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին խոսելն անիրատեսական է համարում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: «Այնուամենայնիվ, երկու երկրների հասարակության առաջատար մտավորականների երկխոսությունն անհրաժեշտ եմ համարում, որովհետև հակառակ դեպքում այս հարաբերությունների անջրպետը ավելի կմեծանա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը:

Աշխարհաքաղաքական իրադարձություններից ելնելով՝ Թուրքիայի հասարակությունը այլ խնդիրներ ունի լուծելու, ուստի թուրքագետը չի կարծում, որ մոտակա ժամանակները երկխոսության վերսկսման շարժառիթներ կլինեն: «Առաջին փորձը, որ եղավ 2008 թվականին, տապալվեց, սակայն պետք չէ հիասթափվել, այլ հակառակը պետք է փորձել քայլեր ձեռնարկել այս անջրպետը կոտրելու ուղղությամբ»,- եզրափակեց թուրքագետը:

2008 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը եւ հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» եւ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010
թվականի ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից:


© 2009 ARMENPRESS.am